Հայ-ամերիկյան համագործակցության նոր ծրագրեր՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Մենք տեղյակ ենք իրականացվող ծրագրերի և նոր առաջարկների մասին, ուստի ուզում ենք ներկայացնել նոր գաղափարներ, որոնք կարող են նոր փոխգործակցության սկիզբ դառնալ»,- ողջունելով հյուրերին` ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում Ջեննիֆեր ՄքԷնդրյուն ներկայացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 2023 թ. համար նախատեսված հայտարարությունը: Կողմերը  քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերը։ 

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները. առաջիկա ծրագրերն ու դրամաշնորհները միտված են մշակույթի ոլորտին: Ես այցելել եմ մշակութային մի քանի հուշարձաններ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին»,- նշել է Ջեննիֆեր ՄքԷնդրյուն և հավելել, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի մշակույթի և կրթության ոլորտում:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հյուրերին ներկայացրել է Երերույքի և Գառնու տաճարների պատմական տարածքներում իրականացված  վերականգնման աշխատանքները՝ հավելելով, որ հուշարձանների բարեկարգման և բարելավման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում՝ համագործակցելով արտերկրի  փորձագետների հետ: Հ. Վանյանի տեղեկացմամբ` Գառնու տաճարի տարածքում եղել է նաև բնակավայր, ուստի պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն նույնպես կա:

«Ներկայումս քննարկվում են Հայաստանի պատմության թանգարանում առկա հսկայածավալ արխիվային նյութերի թվայնացման և Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 40 հազար նմուշների համար համապատասխան ֆոնդապահոցներ ձեռք բերելու ծրագրերը»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը` շեշտելով, որ հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությունը պետք  է դիտարկել ինստիտուցիոնալ միջավայրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կարևոր ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մի շարք հարցերի:

--00—ԱՊ