Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

41

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն։ Փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

--00—ԻԴ