Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News  

․

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նախ նշել է, որ հանդիպման նպատակն Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները քննարկելն է և լուծման ուղիներ գտնելը՝ երկիրը օրհասական դրությունից դուրս բերելու և հայրենիքին տեր կանգնելու համար: «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրան մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով, հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝  այն իրացնելու  իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և  չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան, և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»,-ասել է Ս. Բաբայանը:

Նա անդրադարձել է նաև Արցախի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև բանակի հզորացմանը՝ շեշտելով, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի:

Սամվել Բաբայանի խոսքով՝ Արցախում պետք են սահմանադրական փոփոխություններ և շարունակել պետականակերտման ճանապարհը: Հանդիպմանը նա պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

--00--ԱՀ