Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

4

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանի, Թաթուլ Մանասերյանի և Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է քննարկում՝ արցախյան հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության մասին։

Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը և Արամայիս Աղաբեկյանը։

Քննարկման մոդերատոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության առանցքում ողջ հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական հայեցակարգի ձևակերպումն է՝ հանուն հայկական պետականության պահպանման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման։

Ծրագրի նպատակն է վերհանել արցախյան հիմնախնդիրը երկրում և արտերկրում ներկայացնող պատասխանատուների շրջանում միասնական դիրքերից հանդես գալու և հանրային համախոհություն հաստատելու համար։

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը, ողջունելով մտքի կենտրոնի հրավիրած քննարկումը, ընդգծել է․ «Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Քննարկմանը մասնակից բոլոր բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել են առկա խնդիրների լուծման միասնական հայեցակարգի հաստատմանը։

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները համոզված են, որ նման ձևաչափով քննարկումների և փոխգործակցության մթնոլորտում կունենան հաջողություններ։

--00—ԻԴ

Տեսանյութեր