Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Կպ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը:

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

 

 --00—ԱՊ