Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս այլ պայմանագիր. 168.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

47

168.am-ը գրում է․

ՀՀ կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 1484 որոշմամբ հայտարարվեց վարժական հավաքների մասին:

Այդ հավաքները, սակայն, ինչպես այս իշխանությունների նախաձեռնած որևէ միջոցառում, առանց սկանդալների ու օրինազանցության չեն անցնում:

168.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների խոսքով՝ Զինվորական կոմիսարիատներում իրենց ստորագրել են տալիս մի թուղթ, ըստ որի՝ իրենք վարժական հավաքների առաջին 10 օրվանից հետո այն շարունակելու են մարտական դիրքերում մարտական հերթապահություն անցկացնելով՝ մինչև իրենց հավաքի վերջին օրը:

Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների՝ իրենց չեն բացատրել իրենց իրավունքները, չեն ասել, որ կարող են նաև չստորագրել մարտական հերթապահության մեկնելու պայմանագիրը, որ դա պարտադիր չէ, այլ մարդու անձնական իրավունքը, և իրենք միայն հետո են իմացել այդ մասին:

«Մեզ ասացին՝ 10 օր այլ վայրում եք վարժանքների մասնակցելու, դրանից հետո գնալու եք դիրքեր մինչև վերջին օրը, ստորագրեք: Մենք էլ չենք իմացել, որ կարելի է և չստորագրել»,- ասացին մեզ զանգահարող անձինք:

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արամ Թորոսյանը հարցին՝ ինչո՞ւ հավաքների մասնակիցներին չեն բացատրվում իրենց իրավունքները, խնդրեց հարցը գրավոր ձևակերպել:

Խնդրի վերաբերյալ իրավական պարզաբանում ստացանք «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանից:

Փաստաբանի խոսքով՝ վարժական հավաքների ներկայացած անձինք մարտական հերթապահություն կարող են իրականացնել, եթե նրանք դրա վերաբերյալ պայմանագիր են կնքում:

«Մարտական հերթապահության ընդգրկվում են միայն պայմանագրով: Վարժական հավաքի նպատակն ինքնին մասնագիտական գիտելիքները կատարելագործելը կամ ստանալն է, և միայն պայմանագրի կնքումից հետո կարող են բուն զինվորական ծառայության, մարտական հերթապահության ներգրավվել»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Փաստաբանը, հղում կատարելով «Զինծառայության և զինվորական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին՝ նշեց՝ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով, և հետևաբար՝ նրանք չեն կարող ներգրավվել մարտական հերթապահության:

«Բացի վարժական հավաքներից, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում է նաև պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում: Եթե վարժական հավաքների փոխարեն իրականացվի այս միջոցառումը, ապա նրանց կարող են ներգրավվել մարտական հերթապահությանը»,- ասաց փաստաբանը:

Մարտիկ Մարտիրոսյանը նշում է՝ օրենքում սահմանված է նաև, որ Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները:

«Այս դրույթի ուժով են ըստ երևույթին տանում մարտական հերթապահության, սակայն դրանից չի փոխվում վարժական հավաքի իմաստը»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է վարժական հավաքների մասնակիցների տարիքին, ապա ըստ փաստաբանի՝ օրենքն ասում է՝

«Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները՝ մինչև 53 տարեկանը,

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները՝ մինչև 55 տարեկանը,

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 տարեկանը,

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 տարեկանը,

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը,

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը»:

Մարտիկ Մարտիրոսյանը հավելեց նաև, որ նույնիսկ մեկ երեխա ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահությանը, եթե համաձայնություն չեն հայտնում:

«Ի դեպ, ՀՀ կառավարության որոշումը 2022 թվականի սեպտեմբերի 26-ի 1484 որոշմամբ վարժական հավաքներ հայտարարելու մասին ասում է, որ պետք է սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Այսինքն՝ սրանից հստակ է, որ մարտական հերթապահության կարող են ներգրավվել միայն պայմանագրի հիման վրա»,- ասաց Մարտիկ Մարտիրոսյանը:

Այսինքն՝ ստացվում է, որ վարժական հավաքների մասնակիցներին հայտարարում են, որ վերջիններս մարտական հերթապահություն պետք է իրականացնեն, ապա դեմ են տալիս փաստաթուղթ, որը նրանք ստորագրում են, քանի որ տեղեկացված չեն իրենց իրավունքներից, ու ըստ էության խաբեությամբ բոլորովին անպատրաստ մարդկանց տանում են մարտական հերթապահություն իրականացնելու:

Վստահաբար վարժանքի ներկայացող անձանցից շատ քչերն են կարդացել «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքը:

Մարդիկ իրականում պարտավոր էլ չեն կարդալ, և հենց դրանից օգտվելով էլ զինկոմիսարիատներում մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ:

--00—ԻԴ

 

Տեսանյութեր