ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը հաջողությամբ է ավարտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվել է. ամբողջությամբ մարվել են ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար:  Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու  համար»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել էր ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցել են այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը:

Տեղական շուկայում մասնակցությունը չի սահմանափակվել միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ունեցել իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:

Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվել են և թույլատրվել առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձել է պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:

--00—ԼՄ

Տեսանյութեր