Անհիմն շահարկումներ են, թե ՌԴ-ն հրաժարվում է տարածաշրջանից և ՀՀ-ից․ պաշտոնապես և կոշտ եմ արձանագրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Այն հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից պաշտոնապես հայտարարում եմ, որ դրանք անհիմն շահարկումներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, և որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր և կենսական նշանակություն ունի»,- նշեց դեսպան Կոպիրկինը։

Դեսպանը անդրադառանալով վաղը Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը, նշեց, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք աջակցում ենք բոլոր քայլերին, բոլոր գործընթացներին, որոնք կապահովեն խաղաղությունը, կկանխեն բռնության դրսևորումը, ուժի կիրառումը, էսկալացիան և հիմք կդնեն տարածաշրջանի անվտանգ խաղաղ զարգացմանը»,-ասաց դեսպանը։ 

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, ապա դեսպանը հիշեցրեց, որ որոշակի մեկնաբանություն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ կարող եմ ավելացնել դրան», - հռետորական հարց ուղղեց Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված էր հրապարակել՝ վկայակոչելով անանուն աղբյուրը, որում հիշատակված է տխրահռչակ «Լավրովի պլանը», Ռուսաստանի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հարցում։ Դրանում ընդգծվում է, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական միջանցքի շահառուն Ռուսաստանն է։

--00—ԻԴ 

Տեսանյութեր