Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

default (2).jpg

Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ինչ ունենք

Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։

Ո՞վ է հասկանում իրավիճակը

«Հավաստի աղբյուրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դեպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ մյուսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դեպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետև ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։

Խորհրդարանական մեծամասնությունը հասկանու՞մ է. դժվար է ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը հասկանո՞ւմ է. նույնպես դժվար է ասել։ Կա մեծ կասկած, որ ամբողջությամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթե հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիվ ուրիշ թեմա է։

Անպատասխանատու ֆորմատները

Պետական ինստիտուտները ինքնակազմալուծվել են, թաքնվել

«հավաստի աղբյուրի» հետևում՝ մտածելով, թե անձնական պատասխանատվությունից կխուսափեն։ Երրորդ Հանրապետության երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագությամբ ինքնալուծարվեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդեն տնավորվում է դուբայներում և կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երևի թե չունենք, դրանք վաղուց են զրոյացվել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կա, որի մասին՝ վերջում։

Ի՞նչ է կատարվում մեր շուրջ

Իսրայելի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքվում է, Էրդողանը պատրաստվում է գնալ Ադրբեջան։

Ի՞նչ ենք անում մենք. գոյատևում ենք հայկական ակվարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլև մեր անմիջական տարածաշրջանը չի երևում։ Ալենի (!!)

 շուրթերով` հաթաթա ռուսներին, և «հավաստի աղբյուրի» ճիշտ և կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական մյուս համակարգերի ամլություն։ Սա է մեր մասնակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը։

Նիկոլը թուղթը կստորագրի՞, թե՞ ոչ

Այս հարցը մեր քաղաքական մտքի, պետական մտածողության վերին շեմն է։ Ավելին, նույնիսկ նման պրիմիտիվ հարցադրումը մենք տեղավորում ենք անձնական կամ քաղաքական շահի տիրույթում։

Ու ոչ ոք հարց չի տալիս. իսկ Ալիևը կստորագրի՞։ Ոչ ոք չի ասում, որ գուցե հենց Ալիև'ը չի ստորագրելու։ Ինչո՞ւ պիտի այս պայմաններում Ալիևը թուղթ ստորագրի, առավել ևս` պահպանի դա։ Ալիևը նույնիսկ Կազանում վիժեցրեց խաղաղ կարգավորումը, երբ դիմացը կանգնած էր ուժեղ հայկական բանակ, պետություն, իսկ մեր անվտանգության գոտին ներառում էր իր տարածքի զգալի մասը։ Եթե ստորագրեց, կնշանակի՝ դրանով ստանում է ամեն ինչ՝ շատ ավելին, քան գրված է, քան՝  ինչ-որ միջանցք կամ գյուղ։ Բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում «Ամեն ինչը»։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ ճանապարհ. Ալիևը, մեր սխալները բռնելով, աշխարհի մասին մեր գավառական պատկերացումները ֆիքսելով շատ ավելի մեծ խնդիր է դնում։ Թղթով չի կարողանալու, ուրեմն` պիտի վիժեցնի թուղթը, կամ՝ թուղթը համարի նախնական-նախապատրաստական փուլ։ Երբ դիմացի պետությունը նման քանդված վիճակում է, իսկ միջազգային խաղի կանոնը` այսպիսին, ինչո՞ւ պիտի Ալիև կանգ առնի։ Ի՞նչ թուղթ։

Ինչը կկանգնեցի Ալիևին

Եթե անենք այն, ինչը կախված է մեզնից, նա կանգ կառնի։ Մեզնից կախված է երկու բան.

Մենք պարտավոր ենք կտրուկ կարգի բերել մեր պետությունը ներսից։ Մենք պետք է դառնանք փոքր, պարտված, օգնության կարիք ունեցող, բայց իրավիճակը հասկացող և քայլերի ունակ լուրջ-աշխատող պետություն։

Պարտավոր ենք փոխել միջազգային իրադրությունը` մեր մասով, մեր շատ համեստ, փոքր ծավալով։ Պետք է օր առաջ դուրս գալ գերտերությունների և աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնից։ Ինչո՞ւ է «հավաստի աղբյուրը» Հայաստանը համառորեն տանում դեպի այդ էպիկենտրոն։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ իր թիմում տարակուսած են։ Լավ չի՞ պատկերացնում իրավիճակը, սխա՞լ է հաշվարկը, միտումնավո՞ր է անում։

Ի՞նչ է ասում Նիկոլը

Ասում է` պետության նավը տարա մեծ վթարի, դրանից հետո այս` պետական մտածողությունից զուրկ, առևտրականի ու կոնֆորմիստի գենոֆոնդով հասարակությունը էլի´ ինձ ընտրեց։ Հիմա ասում եմ՝ ժողովո՜ւրդ, մեր գնացքը տանում եմ դեպի անդունդ, ու ոչ ոք չի հասկանում։ ՈՉ ՄԻ կտրուկ արձագանք։ 2 օրում երկու հարյուրից ավել զոհ տվեց այս ժողովուրդը, 1.5 օր հետո շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասավ Ջերմուկ։ Ասում է` չի ստացվում խաղաղություն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե'ն լսում։ Ո'չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ՝ հանրությունը։

Ի՞նչ է ասում ընդդիմությունը

Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացվում։ Այս ընդդիմությունը պատրաստ չէ ո'չ արտահերթ, ո'չ հերթական ընտրություններին։ Սա շատ լավ հասկանում են։ Գուցե սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանության սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետության և մեր ընտանիքների անվտանգության ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից։

Ո՞ր քարտեզով է սահմանվելու Հայաստանի սահմանը

Այս վիճակում՝ Ալիևի ցանկությունների քարտեզով։ Դա նույնիսկ «հավաստի աղբյուրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիևի ցանկությունների քարտեզն է։ Իսկ իրական բանակցային քարտեզները գտնվում են Մոսկվայի արխիվներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրյուսելում։

Քանի՞ գերի ունենք մենք

Այլ թիվ մի փնտրեք. 3 մլն։ Մենք` Հայաստանում և Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հավաստի աղբյուրի» և Ալիևի ձեռքին։

Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դեպքում

Կա'մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա'մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ։

Երբ մի հարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածավալ հարձակման՝ արևմուտքի դատապարտող հայտարարությունների և կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղետի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թե ո՞ր մարզի սահմանին՝ Աստված գիտի։ Դա կլինի մոտավորապես Արցախյան պատերազմի նման մի պատմություն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանություններին կասեն մոտավորապես նույն տեքստը. ընդունեիք Լավրովի պլանը՝ կլիներ ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնեիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկե, հիմա փաստաթղթերի անունները և ժամկետները այլ են լինելու։

Ո՞վ է մեղավորը։ Հայ ժողովուրդը և նրա վերանախավերը ոչնչից հետևություն չեն անում։

Կա՞ հնարավորություն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը

Միանշանակ կա։ Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն։ Զգա իր մեջ այդ առաքելությունը և գործի ինքնուրույն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։

Կա երևանյան և մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամենը ողբերգություն է, և որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, հընթացս պետք է ձևավորվի նոր ծանրակշիռ ընդդիմություն՝ առկա ընդդիմադիր ռեսուրսի և նոր շրջանակների համատեղությամբ։

Այդ ձևաչափը պետք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր.

Դադարեցնել իշխանության կողմից տարվող՝ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու ավանտյուրան և առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ սոլիդ, կշռադատված օրակարգ` ի շահ Հայաստանի և ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հավաստի աղբյուրի» մորթվելուն սպասող  հոտ չէ, այլ՝ պետությունն պահելու ունակ ռեսուրս։

Արթնացնել ժողովրդին, և պետություն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրության բոլոր ակտիվ ու առողջ շրջանակներին։

Սկսել հստակ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։

--00—ԶՀ