Ժամանակն է, որ մեր դաշնային կառավարությունը սատարի ՀՀ ժողովրդավարությանը, ինչպես արել է Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Безымянный-46.png

Շարունակվում են Լոս Անջելեսում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները: Նա ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ հանդիպմանը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միտչ Օ. Ֆարելը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ասել է.

«Ողջունում եմ Ձեզ, պարոն Բաբայան, և ձեր պատվիրակությանը։ Ձեր օրինակը ոգեշնչում է բոլորիս: Աշխարհի համար օրինակ են ձեր խիզախությունը, ձեր հավատն առ արդարություն, ձեր դիմակայությունը Ցեղասպանությանը և այն ագրեսիվ գործողություններին, որոնք ակնհայտորեն այդ Ցեղասպանության շարունակությունն են։ Որպես քաղաքային խորհրդի անդամ պատիվ ունեմ ելույթ ունենալ և իմ աջակցությունը հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին: Իրականում, մեր բոլորի պարտականությունն է համախմբվել և անել հնարավորը՝ ուշադրություն հրավիրելու և բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու այդ խնդրի վրա։
Երկու տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, այնուհետև դիմելով սադրանքի խախտեց Հայաստանի ինքնիշխան սահմանները, ինչը երկիր մոլորակի բոլոր ժողովրդավարական նորմերի խախտում է, հատկապես համաշխարհային համաճարակի տարածման ամենածանր փուլում։
Լոս Անջելեսը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և շարունակվող վայրագությունները։ Մենք մեր դաշնային կառավարությունից պահանջում ենք բովանդակալից արձագանք։ Գործնականում այսօրվա դրությամբ մեր կառավարությունը և ամբողջ աշխարհը հիմնականում ողջունում են Ադրբեջանի բռնապետ Ալիևի գործողությունները՝ դրդելով շարունակել ռազմական հանցագործությունները և բռնի ծավալապաշտությունը:

Ժամանակն է, որ մեր դաշնային կառավարությունը սատարի Հայաստանի ոգեշնչող ժողովրդավարությանը, այնպես, ինչպես արել է Ուկրաինայում։ Մենք դա կարող ենք անել՝ անմիջապես դադարեցնելով ԱՄՆ կողմից որևէ ռազմական աջակցության տրամադրումը Ադրբեջանին, ինչը ազդանշան կլինի։ Այսպիսով, եկեք ամուր դիրքորոշում որդեգրենք և մինչև բյուջեն հաստատելը Վաշինգտոնի մեր դաշնային կառավարությանը փոխանցենք այս համոզմունքը և հրամայականը։ Եկեք ամուր դիրքորոշում արտահայտենք Ալիևի ռեժիմի պես բռնապետության դեմ և աջակցենք Հայաստանի պես ոգեշնչող ժողովրդավարությանը։ Հայ ժողովուրդը ժառանգել է Հայաստանում և Արցախում խաղաղ և բարգավաճ ապրելու իրավունքը։ Հարձակումը ժողովրդավարության վրա ցանկացած վայրում, հարձակում է մեր սեփական ժողովրդավարության վրա, այստեղ՝ Միացյալ Նահանգներում։ Չմոռանանք, որ մենք բոլորս փոխկապակցված ենք և պետք է համերաշխ լինենք։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում արտգործնախարար Բաբայանին և պատվիրակությանը խիզախության և ոգեշնչման համար։
Շնորհակալություն, տիկին նախագահ։»

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր