Հակառուսական քայլերով իշխանությունը քաղաքական վեկտոր է փոխում, եթե ստացվեց, աղետալի կլինի ՀՀ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

m

Իշխանությունները հակառուսական տրամադրություններ են ստեղծում, որ անհաջողությունները գցեն ռուսական կողմի վրա։ Այս մասին 24News-ին ասաց «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվել էր «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հոդված։ Բովանդակության մեջ նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից ուզում է, որ «դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս», և «Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է», որ «Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է», որ «ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո»։

Վերլուծաբան Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ այս հրապարակումը տեղավորվում է իշխանությունների գործելաոճի կանոնների մեջ․ «Շատ մեթոդիկ հրահրում են հակառուսական տրամադրություններ հայ հանրության շրջանում։ Եվ այս բոլորն արվում է այն պայմաններում, երբ ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգներում։ Տեսնենք՝ Էրդողանի հետ Պրահայում ի՞նչ են խոսելու»։ 

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները չլինեին Արցախում, այնտեղ հայ չէր մնա։ «Դա պարզ տրամաբանություն է; Կա նաև այլ տրամաբանություն։ Չինացիներն ասում են, որ «պատմության մոռացությունը դավաճանություն է»։ Մոռանում են, որ ռուսների շնորհիվ է Հայաստանի արդի պետությունը (ներառյալ 3-րդ Հանրապետությունը) ստեղծվել և գոյություն ունի։ Լրանում է Պասկևիչի՝ Երևանի ամրոցը գրավելու արշավանքի 175 տարին, որից հետո Հայաստանը գոյություն ունեցավ Ցարական Ռուսաստանի կազմում՝ ոչ այնքան լավ պայմաններում, հետո՝ Խորհրդային Հայաստան՝ էլի ոչ այնքան լավ պայմաններում։ Բայց դարձավ երկիր, որը մոտ 200 տարի գոյություն ունի, ստեղծագործում է, պայքարում է», - ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, հակառուսական քայլերով իշխանությունները փորձում են քաղաքական վեկտորը փոխել դեպի Արևմուտք, և եթե ստացվի, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, «Որովհետև Ռուսաստանն այսօր մեծ խնդիրներ ունի ուկրաինական ճակատում, որովհետև նրա դեմ պայքարում են ամբողջ Արևմուտքը, ամբողջ անգլոսաքսոնական ուժերը։ Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները շատ մեծ ռեսուրսներ են կենտրոնացրել»։

«Արևմուտքը Թուրքիային օգտագործում է «կծան շան» կարգավիճակով։ Այո, ես հասկանում եմ, որ կան ռուս-թուրքական հարաբերություններ, ոմանք հիշում են՝ նախորդ դարի 20-ական թվականները։ Բոլշևիկների հրեական կողմը շատ ակտիվ մասնակցում էր այդ բոլոր խաղերին։ Հիմա ժամանակներն ուրիշ են, ներկայիս ռուսական իշխանությունները լավ են հասկանում թուրքական խաղերը, փորձում են շատ զգույշ լինել։ Բայց հիշենք նաև, որ Ռուսաստանն է միայն, որ 14 անգամ պատերազմ է մղել Թուրքիայի դեմ, որի դաշնակիցները տարբեր հաճախականությամբ լինում էին անգլիացիները, ֆրանսիացիները և այլն։ Ռուսաստանն է, որ խնդիրներ ունի Թուրքիայի հետ։ Եվ թուրքերն էին, որ կործանեցին Բյուզանդական կայսրությունը, որն իր հոգևոր արմատներով ստեղծել էր նաև Ռուսաստանը, քրիստոնեություն էր տվել, այդ թվում՝ նաև հայերի միջոցով», - եզրափակեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր