Օգտագործելով «տելեգրամյան» էջերը՝ զբաղվել էին թմրամիջոցների իրացմամբ ու բռնվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ:

Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը, որը համալրվեց ոչ միայն օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, այլև` տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ աշխատակիցներով, և արդյունքը երկար սպասել չտվեց: Օրերս բաժնի ծառայողների բազմակողմանի միջոցառումների արդյունքում բացահայտվեց հանցավոր խմբի կազմակերպած ապօրինի թմրաշրջանառության մի ողջ սխեմա:

Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ սեպտեմբերի 20-ին Արամի փողոցում ձերբակալեցին հանցախմբի անդամներից մեկին և ներկայացրին վարույթն իրականացնող մարմին, որտեղ նա անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանական ցուցմունք տվեց: Հետագա օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերից իրավապահներին ներկայացրեց մարիխուանայով լցված 6 փաթեթ, որոնք ինքը տեղադրել էր թաքստոցներում:

Ձերբակալվածը մայրաքաղաքի Կարախանյան փողոցում բնակվող 22-ամյա երիտասարդ էր: Ի դեպ, համացանցային նմանատիպ հանցավոր սխեմաներ հիմնականում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաների տիրապետող անձինք: Այս դեպքում էլ ստեղծվել էր բավական լուրջ մեխանիզմ` նաև վերահսկողական ֆունկցիաներով: Բացել էին «տելեգրամյան» ալիք, որի միջոցով վերահսկում էին ալիքի շրջանակներում գործող էջերը: Օրինակ, եթե էջի կամ, այսպես ասած` «շոփի» օգտատերը թերանում էր թմրանյութի մատակարարման հարցում, կազմակերպվում էր օնլայն քննարկում, և օգտատերը, իր էջով հանդերձ, կարող էր արգելափակվել կամ վերացվել: Մեծ տեղ էր հատկացված նաև գաղտնիության ապահովմանը: Տելեգրամյան ալիքը կառավարում էր նաև համացանցի միջոցով իրացվող թմրանյութի դիմաց ստացած գումարը կոնկրետ վաճառողին փոխանցելու մեխանիզմը, ընդ որում՝ այն իրականացվում էր կրիպտոարժույթով: Սա էլ արվում էր ֆինանսական գաղտնիությունը պահելու նպատակով: Այս ամենը, սակայն, մեր իրավապահների համար բացահայտման խոչընդոտ չէր:

Սեպտեմբերի 29-ի գիշերը սկսած միջոցառումն իրավապահները շարունակեցին: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ մայրաքաղաքի Կարախանյան փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին հանցավոր խմբի ևս մեկ անդամի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի զանգվածով չորս փաթեթ: Ձերբակալված 30-ամյա երիտասարդը նույնպես խոստովանեց, որ օգտագործելով «տելեգրամյան» էջերը` զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ կալանավորվել են:
Իսկ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության նորաստեղծ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժնի ծառայողները շարունակում են պայքարը չարիքի դեմ:

--00—ԼՄ

Տեսանյութեր