Նոտարական համայնքը համագործակցության նոր հարթակներ է գրավում մասնակցելով միջազգային տարբեր ձևաչափերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

ՀՀ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել նոտորների մասնագիտական օրվա առթիվ․

«Սիրելի նոտարներ,

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Մեր համայնքը պետության կարևորագույն օղակներից է: Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր իրավական համակարգի հզորացման ու հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական շահերի պաշտպանության:

Հավատարիմ մնալով նոտարի երդմանը, մենք առաջին հերթին հավատարիմ ենք մեր խղճին և մեր ստացած գիտելիքներով ու կուտակած փորձով քաղաքացիներին մատուցում ենք իրավական խորհրդատվություն և կատարում նոտարական գործարքներ:

Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության նոտարական ինստիտուտը վերջին տարիներին շոշափելի զարգացում է ապրել ու օրինակելի դարձել նաև միջազգային գործընկերների շրջանում: Հայաստանի նոտարական համայնքը համագործակցության նոր հարթակներ է գրավում մասնակցելով միջազգային տարբեր ձևաչափերի:

Այդուհանդերձ, արձանագրելով ունեցած հաջողությունները, փաստում եմ, որ անհրաժեշտ է զարգանալ ու ինքատիպ մեթոդներով իրավական նոր գործիքներ կիրառել, որպեսզի հեշտանան հասարակությանը մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ասպարեզում պահպանենք մեր բարձր վարկանիշները:

Վստահ եմ, որ այս ամենն իրողություն չէր լինի, եթե չլիներ մեզնից յուրաքանչյուրի անձնվեր աշխատանքը և ներդրումը նոտարական համայնքի զարգացման գործում:

Հուսով եմ, որ մեր ձեռքբերումները կլինեն շարունակական, և կկարողանանք հաջորդ սերունդներին ավանդել էլ ավելի զարգացած և մրցունակ նոտարական համակարգ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության նոտարներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նոր վերելքներ, առողջություն, անսպառ ընտանեկան ջերմություն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»։

--00--ԱՀ