Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության պետ Էվա Դվորժակովայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Հովհաննիսյանը կարևորել է հյուրերի այցը մեր երկիր այս դժվարին փուլում: Բարեկամական խմբի ղեկավարը, որպես կարևորագույն ուղղություն, ընդգծել է ժողովրդավարությունը և փաստել, որ այս պահին մեր պետության անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը ժողովրդավարությունն է: Պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը նախաձեռնող է այս ուղղությամբ հարաբերությունները խորացնելու հարցում:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք հենց ավտորիտար և ժողովրդավար ռեժիմների պայքար է: «Մեր ժողովրդավար գործընկերներից ակնկալում ենք ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված օժանդակություն»,- հավելել է Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը խորհրդարանական հարթակում սերտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Նա անդրադարձել է նաև ՀՀ տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ տնտեսական աճը շարունակվում է: Ըստ նրա՝ երկրի անվտանգությունը պայմանավորված է նաև տնտեսական կայունությամբ:

Էվա Դվորժակովան ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և հետաքրքրված է Հարավային Կովկասում տիրող իրավիճակով: Նա կարևորել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ Չեխիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ ճանապարհին:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ հյուրն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը խաղաղության առաջմղման հարցում և հավելել, որ պատրաստ են օգնություն տրամադրել և աջակցել խնդրի լուծմանը: «Շառլ Միշելի գործողություններն ամբողջությամբ հավանության են արժանանում Չեխիայի՝ ԵՄ նախագահության կողմից»,- նշել է նա:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա: Անդրադարձ է եղել մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությանը, ներդրումների խթանմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, մասնավորապես, անվտանգության, տնտեսական, բնապահպանական ոլորտներում:

Նշենք, որ եկող շաբաթ նախատեսվում է Չեխիայի ԱԳ նախարարության անվտանգության հարցերով վարչության պետի այցը Հայաստան, որի ժամանակ առավել մանրամասն կքննարկվեն անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը:

--00--ԱՀ