Թերահավատորեն եմ վերաբերվում զենք չմատակարարելու խոսքերին, եթե այդպես է, տուգանեք, սանկցիա կիրառեք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News 

Արտ

Զենքի մատակարարումը պայմանագրերով է սահմանվում, և այնպես չէ, որ կուզենան՝ կտան, կուզենան՝ չեն տա։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել էր, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի համար խնդրահարույց է Փաշինյանի դժգոհությունը։

«Ես մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում Փաշինյանի այդ հայտարարությանը, որովհետեւ զենքի ձեռքբերումն արվում է պայմանագրերով, համապատասխան կառավարության որոշումներով, իրավական ամուր բազայով։ Կանխավճար էլ կարող է լինել, բայց կա նաև մատակարարումների ժամանակահատված։ Կա՛մ հայկական կողմը չունի այդ վստահությունը, ինչն ամենահավանականն է, կա՛մ էլ բավարար մակարդակով իրավական, պայմանագրային բազա չեն ձևավորել։ Եթե չեն մատակարարում, ինչո՞ւ չեն տուգանում, կոնկրետ գործողություններ անում։ Ի՞նչ է նշանակում՝ «հարյուր միլիոնավոր դոլարներ ենք փոխանցել, ու զենք չեն տալիս»։ Իսկ գուցե չե՞ն կարողանում բերել։ Ես չգիտեմ՝ ինչ պայմանագրեր են կնքել, ինչ մատակարարման պայմաններ են, ինչ ժամկետներ են, բայց պայմանագրով ամեն ինչ հստակ պետք է սահմանվի», - պարզաբանեց Զաքարյանը։ 

«Մատակարարման ուշացումների համար պայմանագիրը համապատասխան սանկցիաներ է նախատեսում», - ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալը։

Հնդկական The Economic Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ
Հնդկաստանը Հայաստանին շուրջ 20 միլիարդ ռուփիի կամ 244 միլիոն ԱՄՆ դոլարի զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Նշվել էր, որ երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ 

Ըստ պարբերականի՝ գործարքի շրջանակում ներառված են հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։ Բացի այդ, ըստ տեղեկության, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի հակատանկային հրթիռներ, այլ զինամթերք։

Արտակ Զաքարյանը չի կարծում, թե այս գործարքը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի մոտ դժգոհություն կառաջացնի. «ՀԱՊԿ-ի անդամ լինելն էլ Հայաստանին առանձնապես չպետք է կաշկանդի այլ մատակարարներից զենք ձեռք բերելու համար։ Մեր իշխանության տարիներին էլ մենք Հնդկաստանից տարբեր տիպի ռազմական նշանակության ապրանքներ ձեռք ենք բերել, այդ թվում՝ նաեւ զինատեսակներ»։

Կառավարության նիստին Փաշինյանը, նշելով ադրբեջանական ռազմական ագրեսիաների մասին, ասել էր, որ միջազգային գործընկերներին առաջարկում են, որ իրավիճակի լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, այլ կազմակերպության։ 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը միշտ մերժել է առաքելության տեղակայման առաջարկը։ «Հիմա ո՞նց պետք է անել, որ այնուամենայնիվ Ադրբեջանը չմերժի։ Դա դիվանագիտական լայն ծավալի աշխատանքի արդյունքում պետք է լինի», - պարզաբանել էր Քոչարյանը։

Արտակ Զաքարյանը «շատ քիչ հավանական» է համարում առաքելության տեղակայման հնարավորությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ է միջազգային հանրության կոնկրետ ճնշումն Ադրբեջանի վրա։ 

«Դրա համար ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեմ պետք են սանկցիաներ, բանաձևեր, որոնք այս պահին չկան։ Միայն հայտարարություններ անելը դեռևս ոչինչ չի նշանակում։ Երբ որ միջազգային կազմակերպությունները, խոշոր պետություններն Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառեն, օր.՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, արևմտյան երկրները, այդ ժամանակ ավելի իրատեսական կլինի։ Ադրբեջանին պետք է ճնշել, ստիպել, բայց Եվրամիությունն Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր, ադրբեջանական գազից, նավթից շատ մեծ կախվածություն ունի։ Հետևաբար, Փաշինյանի հայտարարությունները զուտ ներքին լսարանի համար են, անհիմն, անիմաստ արդարացումներ են», - եզրափակեց պաշտպանության նախկին փոխնախարարը։

 

   Սերգեյ Առաքելյան

   --00—ԱՊ