Իրանի փոխգործակցության առաջարկը չպետք է մերժել, այն բխում է 2 երկրների շահերից, ՀՀ-ն պետք է քայլ անի

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News  

ԲՀ

Հայաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական և այլ մակարդակներով համագործակցելու հարցում Հայաստանի իշխանությունների անելիքն էլ կա։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը։

Այսօր Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսին ասել էր, որ Սյունիքը կարևոր է նաև Իրանի համար։ «Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ, և դա ամենից զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար», - ընդգծել էր Քոչարյանը՝ հավելելով, որ այս թեմայով խոսակցություն Իրանի հետ եղել է 2021-ի մայիսին, բայց հետո հայական կողմը այդ թեման սառեցրել է։ Ըստ նրա՝ առաջարկը եղել է ոչ հայկական կողմից։ 

Բացի այդ, մի քանի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Իրանը չի հանդուրժի հայ-իրանական սահմանի փոփոխություն։

Իրանագետ Նվեր Դավթյանի խոսքերով՝ երկկողմ համագործակցության հարցում Հայաստանը պետք է գործի անկախ նրանից՝ այդ հարցը բարձրացվում է ընդդիմությա՞ն, թե իշխանությունների կողմից։

«Տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու Իրանի առաջարկը որ ձևաչափով էլ լինի, չպետք է մերժվի, որովհետև բխում է երկու երկրների շահերից։ Իրանից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու առաջարկ չեմ նկատել, բայց ընդհանուր ձևակերպումներ, որոնք կարող են միտված լինել և նպաստել այդ ձևաչափով համագործակցություն ունենալուն, նկատելի էր։

Իրանի նախագահ Ռաիսիի մակարդակով հնչեցվեց, որ Հայաստանի հետ պատրաստ են համակողմանի համագործակցության։ Պետությունը, որն իր դեմ անվտանգային ռիսկերը չեզոքացնելու նպատակով պատրաստ է համագործակցել, իսկապես Իրանն է։ «Իրանը չի սահմանափակվում քաղաքական հայտարարություններով, այլ պատրաստ է այս ուղղությամբ աշխատել Հայաստանի հետ, որպեսզի երկկողմ, պատմական սահմանների որևէ փոփոխություն տեղի չունենա», - պարզաբանեց Դավթյանը։

Իսկ թե ինչու 2020-ի 44-օրյա պատերազմին անմիջապես հաջորդող շրջանից սկսած երկրների միջև տեսանելի համագործակցություն չի եղել, իրանագետը տարբեր պատճառներ նշեց. «Խաղաղության հաստատմամբ շահարգրգռված կողմերը մտածում էին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող են խաղաղ ճանապարհով գալ նաեւ հարցերի հանգուցալուծման, որոնք նշված կամ հստակ ձևակերպված չեն եղել տվյալ փաստաթղթում»։

«2020-ի և այսօրվա իրավիճակները համեմատելու չեն։ Այն ժամանակ ուկրաինական պատերազմը չկար, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ավելի ամուր էին, այն ժամանակ ակնկալիքները դրական էին, որ չեն լինի այսպիսի էսկալացիաններ, որոնք կարող են սպառնալ հայ-իրանական սահմանին։ Մեր կողմից եղել են ակնկալիքներ, որ այլ ուժային կենտրոններ կկարողանան կարգավորել տարածաշրջանային խնդիրները և ապահովել խաղաղություն։ Թուրքիայի, Ադրբեջանի նպատակները ավելին են, ինչը սպառնում է տարածաշրջանի ժողովուրդների, հայ-իրանական սահմանի անվտանգությանը», - հավելեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսը։

Ըստ Դավթյանի՝ իրավիճակը պահանջում է գործուն մեխանիզմներ, քայլեր, որոնք պետք է կանխեն բացասական հետևանքները. «Իրանական կողմը պատրաստ է, մնում է մեր քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ լինի համագործակցության։ Կան նաև տարածաշրջանային այլ մրցակից ուժեր, որոնք դեմ են Իրանի դիրքերի ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը տարածաշրջանում։ Պետք է կարողանալ այնպիսի բանակցություններ վարել, որը հնարավորություն կտա չեզոքացնել հայ-իրանական հարաբերություններում առկա խոչընդոտները ռազմաքաղաքական համագործակցության խորացման առումով»։

«Իրանը միակ երկիրն է, որը կարող է զսպող հանգամանք լինել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար», - այսօրվա ասուլիսին նաև ասել էր ՀՀ 2-րդ նախագահը։

Դավթյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ Թուրքիային և Ադրբեջանին միակ իրատեսական զսպող ուժն Իրանն է: «Կան այլ միջոցներ նաև՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների պահանջները, հայտարարությունները, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի կողմից, նաեւ Ռուսաստանի կողմից, որ «պետք է խաղաղ հանգուցալուծում լինի»։ Սակայն հայտարարությունները չեն կարող լիարժեք չեզոքացնել, կանխել ռազմական բախումները։

Առաջին հերթին, պետք է կարողանանք մեր պաշտպանունակությունը բարձրացնել, ինչ գործարք էլ Արևմուտքի և Ադրբեջանի միջև տեղի ունենա, կամ ինչ զարգացումներ էլ լինեն, տարբեր շահեր են այստեղ բախվելու։ Մեր առանցքային, անվտանգային երաշխիքը պետք է ընկալել հայկական բանակը։ Իսկ բանակի կարողությունների բարձրացման իրատեսական հնարավորություններից մեկն էլ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեկնարկն է», - եզրափակեց Նվեր Դավթյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ