Եթե հաստատվի, որ ՀՀ-ն հանձնել է քրդերին, վտանգներ կլինեն, Սիրիայում քրդերը հայերին պաշտպանում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News           

Թուրքիայի կողմից սադրանք է, ասելով, թե հայերը քրդերին արտահանձնել են, նշանակում է ուզում են հայ-քրդական դարավոր հարաբերություններում սեպ խրել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը՝ անդրադառնալով քրդական ANF գործակալության այն հայտարարությանը, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը նշում են, որ ազգությամբ քուրդ՝ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա: 
«Եթե պարզվի, որ արտահանձնել են քրդերին, մենք մեր բողոքը կարտահայտենք, բայց Արդարադատության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն այդ տեղեկությունը հերքում են: Եթե քրդերը հավաստի տվյալներ ունեն, որ ՀՀ-ն է արտահանձնել, թող տեղեկացնեն: Հայերն ու քրդերը բարեկամներ են, 44-օրյա պատերազմի ընթացքում Եվրոպայի քրդերը հայերի հետ դուրս էին եկել փողոց և դատապարտում էին Ադրբեջանի գործողությունները: Քրդերն ու հայերը նույն ճակատագիրն ու նույն թշնամին ունեն»,-ավելացրեց պատգամավորը:
Հարցին, թե այս հայտարարությունը կարո՞ղ է վտանգ առաջացնել քրդերի հետ հարաբերություններում, Հասանովն ասաց. «Եթե հաստատվի, որ ՀՀ-ն արտահանձնել է, վտանգներ կլինեն ՀՀ-ի համար, Սիրիայում քրդերը հայերին պաշտպանում են, նաև քրդերի առաջնորդը մեծ հարգանք ունի հայերի նկատմամբ՝ դատապարտել է հայերի ցեղասպանությունը, այս ջերմ բարեկամությունը չպետք է խաթարվի»:

 

 

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ