ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայ գերեվարվածների հարցով դիմումին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

4

Սեպտեմբերի 23-ին «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են այս ամսվա 13-15-ն ադրբեջանական հարձակման հետեւանքով գերեվարված հայերին, գերեվարման փաստը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ըստ Ամատունու՝ տեղեկություններ չունեն՝ բախումների հետևանքով ադրբեջանցի գերի կա՞, թե՞ ոչ։ «Մեր կողմից կարող եմ ասել, որ որեւէ նման տեղեկություն չունենք», - նշեց նա։

Իսկ ինչ վերաբերում է բախման վայրերում որոնողական աշխատանքներ սկսելուն, ապա ԿԽՄԿ ներկայացուցիչն ասաց, որ այս մասին տեղեկություն չունի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ին ասաց, որ ԿԽՄԿ-ի միջոցով հաստատված գերիների մասով դեռեւս չկա հաստատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

Սամվելյանը նշեց, որ հայտնի են հաստատված գերիների անունները, իսկ թե քանիսն են, չասաց։ Հայկական կողմի ավելի վաղ ունեցած տվյալներով գերիների հարցով ներկայացուցչությունը հրադադարից հետո դիմում էր ուղարկել ՄԻԵԴ, սակայն ԿԽՄԿ-ին հաստատած գերիների մասով՝ դեռ ոչ։ «Մենք դեռեւս նախորդ դիմումի պատասխանն էլ չենք ստացել», - ասաց Հասմիկ Սամվելյանը։

Սեպտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ գերության մեջ սպանվել էր ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը, ում մարմինը եղել էր սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից փոխանցված 32 դիերի թվում։

Սեպտեմբերի 19-ին Սամվելյանը 24News-ին ասել էր, որ այդ օրը ներկայացուցչությունը տեղեկություն է ուղարկել ՄԻԵԴ, որ փաստացի մարդը եղել է գերության մեջ, իրեն սպանել են։

«Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ-ով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դիմումով պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել Ադրբեջանի պատասխանի համար։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը մինչեւ սեպտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Ադրբեջանին, մենք պահանջում ենք ավելի արագ պատասխան, որ ժամկետի չսպասենք»,- ասել էր նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ