Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

14

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ օժանակությամբ իրականացվող թիրախային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝  բարձր գնահատելով այս  ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։

Նաթիա Նացվլիշվիլին կարևորել  է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ անդրադարձ կատարելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանը։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ՀՀ տուժած շրջաններին ուղղված աջակցության ընդլայնման պատրաստակամությունը։

--00—ԻԴ