37-ամյա տղամարդը մտել է արագ սննդի կետ, հայհոյել այնտեղ գտնվող համաքաղաքացուն և դանակահարել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Ճամբարակ քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Տղամարդու՝ ծակած-կտրած վերքերով դին «Ճամբարակ ԱԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված անհրաժեշտ վարութային և քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, դեպքի վայրը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 37 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԻԴ