Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դս

72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը:

Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստանի Հանրապետություն): Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ: Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիրը: Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է «Հայություն», «Երկիր ավետյաց», «Երկիր Նաիրի», «Ասպնջակ», «Հայաստան» թերթերում:

«Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է: Կազմել է մի շարք գրողների (Ջիվանի, Հ. Սահյան, Ս. Եսենին) գրքեր։ Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ հայերեն են լույս տեսել Լևոն Օսեփյանի պատմվածքները, Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում», Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Քնյուտ Համսունի «Միստերիաներ», Վլադիմիր Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում» և մի շարք այլ գրքեր: 2014 թվականին Այվազյանն արժանացել է «Արմենպրես» գործակալության «Տարվա բեթսելեր» մրցանակին` Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» թարգմանության համար, 2011-ին արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի, 1987-ին՝ ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի։

--00—ԻԴ

Տեսանյութեր