ՀՀ մարզերից տեղահանվածների թիվը կազմում է 7600 մարդ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։

Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։

Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում և գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից»,- նշել է վարչապետը:

--00--ԱՀ