FLYONE ARMENIA ավիաընկերությունն արդեն տեղափոխել է 250 հազար ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

fd

Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման  օրվանից ընդամենը 9 ամիս անց հատել է 250․000-ի սահմանը։ 

Խորհրդանշական արարողությամբ 250 հազարերորդ ուղևորին ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանձնեց դա հավաստող վաուչերը։ Այն բաժին հասավ Լուսինե Ղազարյանին, ով Երևան էր ժամանում Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան Դոմոդեդովո միջազգային օդանավակայանից։ 

«Ընդհանրապես չէի սպասում, չեմ հասկանում ինչ է կատարվում, մեծ անակնկալ էր, անչափ շնորհակալ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լուսինե Ղազարյանն` ավելացնելով, որ ավիաընկերության մատուցած անակնկալը նվեր դարձավ ընդամենը 5 օր առաջ կայացած իր հարսանիքին, և FlyOne Armenia-ի նվիրած ավիատոմսերով կուղևորվեն  ամուսնու հետ:

«Մենք շնորհակալ ենք մեր բոլոր ուղևորներին FLYONE ARMENIA ընկերությունը ցուցաբերած վստահության համար։ Անցած 9 ամիսների ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է 250․000 ուղևոր։ Ձմեռային թռիչքային շրջանում FLYONE ARMENIA-ն նախատեսում է մեծացնել թռիչքային աշխարհագրությունը՝ մեր ցանցում ներառելով Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի մի շարք ուղղություններ, ինչպիսիք են՝ Եկատերինբուրգ, Միներալինեի Վոդի, Միլան քաղաքներն ու շատ ավելին։ Դա համահունչ է մեր նպատակին՝ ունենալ իսկապես մրցունակ ազգային ավիաընկերություն, որն իր նպաստն է բերելու մեր պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

--00—ԻԴ