ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՄԻԵԴ նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

308039656_1534102237046585_5212425922015546604_n.jpg

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցությունն իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ասպարեզում: Վստահ եմ, որ մեր փոխգործակցության ամրապնդումը կարող է մեծապես նպաստել նաև Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և Եվրոպական կոնվենցիայի ոգուն ու չափանիշներին համահունչ՝ մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման ապահովմանը»:

Սայոֆրա Օ՛Լիրին 2015 թվականի հուլիսի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է Իռլանդիայի Հանրապետության անունից: 2020-2022 թվականներին դատավոր Օ՛Լիրին եղել է ՄԻԵԴ սեկցիայի նախագահ և ՄԻԵԴ փոխնախագահ: Դատավոր Օ՛Լիրին կստանձնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնը ս.թ. նոյեմբերի 1-ից:

 --00—ԶՀ