Ոչխարներին է բնութագրական մի կողմ քաշվելը, երբ հոշոտում են իրենցից մեկին․ միավորվել է պետք

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News    

թաա

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը հանդես է եկել դիմում-կոչով․   

«Եթե որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ պայմաններով Ադրբեջանը չի շարունակելու յուրացնել հայկական տարածքները, սպանել մարդկանց, նվաստացնել հայ ինքնությունը, ապա հիմարաբար սխալվում է․ իրականությունն այնպիսին է, որ այս ամենն Ադրբեջանն այսօր կարող է, ուստի, անելու է։ Ոչխարներին է բնութագրական մի կողմ քաշվել, երբ իրենցից մեկին են ուզում հոշոտել՝ կարծելով, թե թող ուտեն, միայն թե ինձ ձեռք չտան։ Հաջորդը հենց դու ես լինելու, ուշ թե շուտ։ Նման իրավիճակներում միայն միավորվելն է ու փոխադարձ աջակցությունը, որ անգամ ոչխարներին կարող է օգնել ողջ մնալ։

Ուստի, մի կողմ դրեք ձեր քաղաքական պատկանելությունը, կուսակցականությունը, «ինքնասիրությունը», հիշեք, որ առաջին և վերջին հերթին բոլորդ հայ եք։ Լավ կամ վատ հայ, բայց ուրիշը չունենք։ Կուսակցությունները, դաշինքները, ՀԿ-ները և այլն պայմանական, արհեստական երևույթ են․ այնքան եք կլանվել քաղաքական խաղերով, որ կուսակցականությունը մթագնել է ձեր մարդկային ուղեղը, անջատել է միտքը։ Այդ բոլորը պայմանական կառույցներ են, կուսակցական շահերի հիմքում մարդն է, ում կյանքն այսօր աննախադեպորեն վտանգված է։ Ոչ ոք չի փրկվի, եթե այսօրվանից չփոխեք ձեր կողմնորոշումը միմյանց և ձեր հայրենիքի՝ ձեր ընդհանուր տան հանդեպ։

Այս կամ այն կողմին, միջնորդին եք դիմում հերթով՝ Հայաստանը թշնամու հետ «բարիշեցնելու»։ Առաջին հերթին միմյանց հետ բարիշեք։

Վերջ տվեք միմյանցից ձեր ինֆանտիլ, մանկամիտ նեղացածությանը, միմյանց մեղավոր հանելու և ինքներդ ձեզ «սպիտակեցնելու» հիմար սովորույթին։ Հայաստանում՝ իշխանության և ընդդիմության կազմում, հայ բազում «փորձագետների» մեջ, այլևս սպիտակ չունենք․ բոլորդ՝ և հներդ, և նորերդ, ձախողված եք, բոլորդ «սև» եք։ Բոլորս ենք մեղավոր, պարտվում ենք բոլոր հարցերում։

Հասարակության զգոնությունը, համագործակցելու կարողությունն ապահովելու համար և իշխանական, և ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է դադարեցնել միմյանց մեղադրելու գործելակերպը, որը շատերիդ համար միակն է դարձել։ Այս պահին բազում փոխադարձ մեղադրանքների մի մասը ճիշտ է, բայց դա մի կողմ դնենք․ միավորվել է պետք։

Դա ԱՆՀՐԱԺԵՇՏ Է։

Սահմանամերձ գոտում ՀՀ հանդեպ ռազմական հարձակումներն իրենց ծավալով, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են․ դրան է նպաստում ինչպես տարածաշրջանային իրավիճակը, այնպես էլ ՀՀ ներքին քաղաքական լարվածությունը։ Հայաստանն այլևս թիկունք չունի, իր ամբողջ տարածքն է հնարավոր մարտադաշտ։ Իրավիճակի նման զարգացումը ամենայն հավանականությամբ կբերի ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ որոշ տարածքների կորստին։ Սա անհրաժեշտ է հասկանալ և բոլոր ջանքերն ու ռեսուրսներն ուղղել պետության պաշտպանությանը։

Հետևյալն եմ առաջարկում․

1.       Հաշվի առնելով «Թավշյա հեղափոխությունից» ի վեր ՀՀ Զինված ուժերի կառավարման ձախողումը, որի հետևանքն են տարածքային և մարդկային շարունակվող կորուստներ, անհրաժեշտ է ՀՀ Կառավարության կազմում բոլոր ուժային պաշտոնները արագ համալրել «նախկիններով»․ պաշտոնաթող նախարարներով, ովքեր ունեն մարտական գործողությունների ռազմավարության մշակման և իրականացման կոնկրետ փորձ։ Պատերազմական իրավիճակում պաշտպանության քաղաքացիական նախարարներն անօգուտ են, անարդյունավետ, ձախողված։ ՀՀ Կառավարության ուժային նախարարությունների ղեկավարումը ստանձնելուն պես փորձառու ռազմաքաղաքական ղեկավարներ նաև իրենց դերակատարումը կունենան ՀՀ Անվտանգության խորհրդում։ ՀՀ ԱԺ ըննդիմադիր ուժերի կազմից պաշտպանության պաշտոնաթող նախարարների՝ ՀՀ կառավարություն վերադարձի հետ մեկտեղ անհրաժեշտ է բանակ վերադարձնել մարտական այն հրամանատարներին, ովքեր այս կամ այն քաղաքական պատճառներով վերջին տարիներին զորացրվել են բանակից։ Դարձյալ՝ չքննարկել այդ ամենի պատճառները, միմյանց հետ վիճաբանությունների մեջ չմտնել, չփաստարկել․ սա գիտաժողով չէ, պետություն ենք կորցնում։ Մասնագետ հրամանատարներ և ղեկավարներ են պետք։

2.       Վերաբաշխել ներքին գործերի /ոստիկանության/ ծառայողների անձնակազմի մի մասին սահմանամերձ գոտի՝ զինծառայողների շարքերը համալրելու և ապահովելու սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ մարդկային և մասնագիտական կարողություններով։

3.       Հաշվի առնելով 2020թ․ բացասական փորձը՝ ՀԱՊԿ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին և այլ նման կառույցներին և ուժային կենտրոններին դիմելու, և որևէ համարժեք, պիտանի աջակցություն կամ առնվազն համարժեք գնահատական չստանալու հետ կապված, այդ ուղղություններով գործողություններն այսուհետ չկարևորել և սակավ ռեսուրսներ չվատնել։ Նման դիվանագիտական աշխատանքներ շարունակելով՝ հասարակությանն այդ հարցերում չհուսադրել, հանրային ուշադրությունը նման կոչերով, սպասումներով և ապա՝ կանխատեսելի հիասթափություններով չշեղել։

4.       Դիվանագիտական ոլորտում ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կից ստեղծել հայ դիվանագետների խորհուրդ, որը բաղկացած կլինի նախկին նախարարներից և հմուտ դիվանագետներից՝ մեզ համար կարևոր պետություններում արդյունավետ աշխատելու փորձով։ Խորհրդի առաջ ՀՀ դիվանագիտական օպերատիվ գործողությունների ծրագրի մշակման խնդիր դնել, որը պետք է ուղղակիորեն արտացոլվի նախարարի գործողություններում։

5.       Հայաստանի բարեկամ պետությունների գրեթե բացակայության փաստը նշանակում է, որ հայ դիվանագիտական կորպուսն իր ներկա վիճակով, կազմով և «հայավարի» գործելակերպով ՀՀ արտաքին քաղաքականությունը փաստացի ձախողել է։ Դիտարկել ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԵՄ-ում, ՀԱՊԿ-ի ամդամ-պետություններում ՀՀ դեսպանների հրատապ փոփոխումը․ դեսպաններ նշանակել փորձառու, բազմակողմանի կապեր ունեցող, հեղինակավոր, գործուն մասնագետների, այդ թվում՝ ոչ դիվանագիտական կորպուսի կազմից։

6.       ՀՀ Սփյուռքի հետ համատեղ գործողությունների իրականացման, արտաքին ռեսուրսների արդյունավետ համակարգման նպատակով հրատապ վերականգնել ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ իր առաջ կոնկրետ խնդիրներ դնելով։ ՀՀ Սփյուռքի հետ համատեղ տեղեկատվական և այլ գործողությունների պլանավորման և իրականացման նպատակով արագ կերպով իրականացնել խորհրդակցությունների շարք՝ Սփյուռքահայ հայտնի գիտնականների, բարերարների, համայնքների ղեկավարների հետ։ Հայ պատմաբանների, հայագետների շարքերում առկա փոխադարձ անառողջ քննադատության և չընդունման, չընկալման ձևավորված բարքերը դադարեցնել։

7.       ՀՀ ԱԺ բոլոր նախաձեռնությունները ծառայեցնել ՀՀ անվտանգության հարցերին՝ առանց սեփական քաղաքական «Ես»-ը կարևորելու։ Այդ նախագծերի մեջ կարևորել տեղական պատկանելության հիմքով փոխադարձ ատելությունը (արցախցի, ապարանցի, արտաշատցի, սիրահայ, և այլն) և ազգը պառակտող այլ գործողությունները քրեականացնող օրենքի ընդունում։

8.       ՀՀ տեղեկատվական դաշտի անվտանգության ապահովման, հասարակության մեջ փոխադարձ ատելության, մեղադրանքների, պառակտվածության զանգվածաին դրսևորումները կանխելու նպատակով կասեցնել ՀՀ տարածքում Ֆեյսբուք և այլ սոցիալական ցանցերի, ինչպես նաև Յություբի հասանելիությունը։ Պատերազմական պայմաններում տեղեկատվական դաշտի վերահսկումը և հասարակության միասնականության ապահովումն անհրաժեշտություն է։ Միևնույն ժամանակ, ստեղծել ՀՀ-ում գործող իշխանամետ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ղեկավարների խորհուրդ, որը միասնաբար և առանց որևէ փոխադարձ վերահսկման փորձերի ու նման մեխանիզմների, համատեղ կապահովեն ՀՀ միասնական տեղեկատվակամ քաղաքականությունն ու աշխատանքը։

9.       Հասարակության բոլոր ներկայացուցիչներին՝ անկախ իրենց խավային, տնտեսական, պաշտոնական դիրքից և հնարավորություններից, անհրաժեշտ է դադարեցնել միջոցներ շռայլելը, ցուցադրաբար և ճոխ ապրելը, հանրային վայրերում իրենց ի ցույց դնելը։ Բոլորին՝ անմիջապես անցնել տնտեսող, զուսպ կենսակերպի այն ամենում, ինչ անում եք, և ինչ խոսում։ Մեր փոքր հանրության մեջ ոմանց ցուցադրական սպառումն ու ճոխությունը, կյանք վայելելը, մյուսների կողմից հարազատ կորցնելը՝ այդ նույն հասարակության պաշտպանության համար, միանշանակորեն պառակտվելու, միմյանց ատելու հիմքեր է ստեղծում և արդարացնում է պատերազմի պայմաններում ճոխ ցուցադրականությամբ ապրողների հանդեպ հնարավոր բռնությունը։ Ողբի մեջ հայտնվածներին մի սադրեք, աջակցեք, զուսպ ապրեք։

10.   Մասնագիտական փորձ, բարձր վարկանիշ ունեցող բոլոր ակտիվ մասնագետներին՝ քաղաքագետներին, սոցիոլոգներին, հոգեբաններին, կարծիքի առաջատարներին, ովքեր մինչ այժմ չեն զբաղվել փոխադարձ մեղադրանքներով, այլև գործել են ազգային խնդիրների լուծման ուղղությամբ, առաջարկել համագործակցել պետական մարմինների հետ՝ իրենց մասնագիտական վերլուծությունների համար ապահովելով ներքին և արտաքին տեղեկատվական հարթակներ։

Կրկնեմ․ չասել, թե այս ամենն արդեն արվում է, արվել է, կամ անհրաժեշտ չէ։ Պետականության կորստին տանող ձեր հին և նոր, իշխանամետ և ընդդիմադիր գործելակերպը ապացույցն է, որ ինչ արվել է կամ չի արվել՝ վատ է արվել։ Նորից, նորմալ, միասին և մինչև վերջ արեք։

Միասնական ուժերով պետության և հասարակության անվտանգությունն ապահովելու ջանքերի բացակայությունը կնշանակի այդ ուժերի կողմից ՀՀ պետականության ձախողման միտումնավորություն։»։

 

   --00—ԱՊ