ԱՄՆ-ն կոչ է անում միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

0909227ac59204a7bb40eca5a452b0fabed790.jpg

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, ինչպես նաև՝ վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով և ուշադիր հետևում է իրավիճակին»։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ կոչ անելով «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ»։ «Լարվածության մեծացումը վերջին շրջանում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,-հավելել է Փրայսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակել է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

--00—ԶՀ