Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին․ ԱՀ նախագահը՝ Արամ Ա Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։ Ուղերձում ասված է․

«Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետի պաշտոնում ծավալած Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, հարուստ փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն միջեկեղեցական կապերի խորացմանն ու զարգացմանը, հոգևոր և մարդասիրական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, խաղաղության ու համերաշխության հաստատմանը համայն աշխարհում:

Թող ամենազոր Աստված պահապան լինի Ձեզ՝ Ձեր աստվածահաճո ու կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, ըստ ամենայնի սատարել ու նեցուկ եք եղել մեր հավատավոր ժողովրդին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ: Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»:

--00—ԶՀ