Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին կայացել է խորհրդի անդրանիկ նիստը: Ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաև քաղաքաշինական և ճարտարապետական առումով կարևորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը:

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է համագործակցության նման ձևաչափի ստեղծման նպատակը և խորհրդի աշխատանքների կազմակերպման կարգը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կարևոր նախաձեռնությանը մասնակից լինելու համար՝ նա ընդգծել է մասնագիտական հանրության անմիջական մասնակցությամբ ոլորտի հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ վերհանելու կարևորությունը:

Առաջին նիստի ընթացքում քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին՝ դիտարկումները գրավոր ներկայացնելու համար:

Քաղաքաշինական խորհրդի նիստերը լինելու են պարբերական:

--00--ԱՀ