Պատարայի ջրընդունիչ հանգույցը Ստեփանակերտին խմելու ջրով կապահովի. Արցախի նախագահն այցելել է ջրամբար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին  խմելու ջրի մատակարարման ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:

Նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։