Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզային այցի շրջանակում եղել է Թալին-Լանջիկ հատվածի կառուցման շինհրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին Շիրակի մարզում էր։

Նախքան մարզ հասնելը, փոխվարչապետի առաջին կանգառը եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»  Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման աշխատանքների շինարարական հրապարակը, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և կապալառու ընկերության ինժեների ու շինարարի հետ ներկայացրել են կատարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Թալին - Լանջիկ հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ․-ի սեպտեմբերին, իսկ կահավորման և գծանշման աշխատանքները՝ 2022 թ․-ի նոյեմբերի ընթացքում։

Շիրակի մարզում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի  ճանապարհահատվածում, փոխվարչապետ Մաթևոսյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Փոխվարչապետն ու մարզպետը շրջել են տարածքում, շինարարության պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքի ու որակի հետ կապված մի շարք հարցեր։

Նշենք, որ շուրջ 27,5կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկի, կավարտվեն 2023թ․-ի դեկտեմբերին։

Այցի հաջորդ վայրը 4.9 կմ երկարությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության հիմնանորոգվող ճանապարհահատվածում էր, որի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ներկայում իրականացվում են գոյություն ունեցող ծածկի քանդման, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման, երթևեկելի մասի ջրահեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող խողովակների վերատեղադրման աշխատանքներ։

Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված ջրահեռացման համակարգը զուգահեռ նորոգելու հետ։ Հարցի լուծման ուղիները գտնելու նպատակով փոխվարչապետ Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ։

Հաջորդիվ, փոխվարչապետն այցելել է Ազատանի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակ։ Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար: Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը բաղկացած է տարբեր տարածքներում գտնվող 2 մասնաշենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 2000-ական թվականներին, գտնվում է բարվոք վիճակում, իսկ 2-րդ մասնաշենքն անմխիթար վիճակում է։ 

Ծրագրի շրջանակում որոշվել է պահպանել 1-ին մասնաշենքը և դրա հարևանությամբ կառուցել նոր մասնաշենքեր՝ ունենալով մեկ ամբողջական դպրոցական համալիր։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։

Մարզային այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետը եղել են նաև «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների շիրմներին:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։

Նշենք, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրով, 2021 թվականին մեկնարկել են Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է։

Գյումրու քաղաքային Բարեկամություն» զբոսայգում ևս ակտիվ շինարարություն է իրականացվում։  7,2 հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից բարեկարգվող տարածքում կառուցվելու է ոռոգման և խմելու ջրի ցանց, հիմնանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է ջրահեռացման համակարգ, բարելավվելու է

էլեկտրականության համակարգը, հիմնանորոգվելու է լուսավորման ցանցը, այգու մուտքերի մոտ կառուցվելու են թեքահարթակներ և այլն։ Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա՝ Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։

Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ, ՏՈՒՖ-ն իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։

Փոխվարչապետի վերջին կանգառը «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակում էր։

Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Այցի ընթացքում, խոշորացված Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է «Ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ենթածրագրի շրջանակում համայնքներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ համայնքապետերին հանձնարարելով տեխնիկան օգտագործել բոլոր բնակավայրերի կարիքների համար։