ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է արտարժույթի տատանման մասով մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օգոստոսի 26-ին հանդիպում է ունեցել ՏՏ ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար, նշել, որ հանդիպումը նպատակ ունի ծանոթանալու ընկերությունների խնդիրներին, միասին քննարկելու դրանց լուծման հնարավորությունները, նախարարության իրավասությունների շրջանակներում օգնելու, աջակցելու։

Ռոբերտ Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությունների կատարելու ուղղությամբ և կարևոր է համարում լսել ոլորտային ընկերությունների առաջարկները։

Հանդիպման ընթացքում ծավալվել է կառուցողական քննարկում, բարձրացվել են մի շարք խնդիրներ, ներկայացվել են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ՝ տրամադրվող պետական աջակցության ժամկետների, աշխատողների թվաքանակի շեմի բարձրացման, մի շարք այլ հարցերի շուրջ, այդ թվում' արտարժույթի տատանումների հետ կապված ընկերությունների մտահոգությունների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առավել սերտացնել նախարարության և ոլորտային ընկերությունների միջև աշխատանքային շփումները։

--00--ԱՀ