Հանձնարարականը չի կատարվել․ ադրբեջանցիների «անարգել տեղաշարժը» դեռ չի ապահովվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության օգոստոսի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին հրավիրում էր Հայաստան եւ տեղում հանձարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ ապահովել ադրբեջանցիների երթեւեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան։ 

«Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»,- հայտարարել էր նա: 

Մենք հետաքրքրվել էինք ՊԵԿ-ից՝ արդյոք կատարվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ի՞նչ քայլեր են ձեռնարկել կատարման ուղղությամբ, արդյոք կազմակերպվե՞լ է ադրբեջանցիների երթեւեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջեւան, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, ի՞նչ սահմանային անցակետերով։ Ե՞րբ են դրանք տեղադրվել, ո՞ր հատվածներում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ՝ մաքսային հսկողության ինչպիսի՞ կառուցակարգեր են գործելու ադրբեջանցիների՝ ՀՀ մուտք ու ելքի ժամանակ։ Չէ՞ որ Ադրբեջանի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ, ուստիեւ համապատասխան օրենսդրական կարգավորումներ չունենք:

ՊԵԿ-ից, տուրք տալով անիմաստ բյուրոկրատիային, որպիսին անգամ նախկինների ժամանակ չկար, պահանջեցին, որ պարտադիր մեր հարցերը գրավոր եւ ստորագրած ուղարկենք, որպեսզի մուտք անեն համակարգ, ուղարկեն համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, որ նա պատասխանի մեր հարցերին։ Դա, բնականաբար, տեւում է օրեր:

Առաջին հայացքից մեզ թվաց, թե ՊԵԿ-ում ամենայն լրջությամբ են մոտենում թե՛ իրենց աշխատանքին, թե՛ մեր բարձրացրած հարցերին, դրա համար են այսպիսի ծանր ընթացակարգով առաջնորդվում եւ պահանջում հարցումն ուղարկել գրավոր, որպեսզի մի քանի օր մտածեն, վերլուծեն եւ մանրամասն, հանգամանալից պատասխան ուղարկեն մեր հղած շատ հստակ եւ, միաժամանակ, էական նշանակություն ունեցող հարցերին։ 
Ինչ երկարացնենք` ՊԵԿ-ից մեր հարցման պատասխանն ուղարկեցին մեր հարցումն ուղարկելուց ուղիղ մեկ շաբաթ անց, որի բովանդակությունը ոչ մի բանի մասին է։ Մեր շարադրած կես էջանոց հարցերին պատասխանել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ տալով երկու տողանոց մի հերթապահ, ոչինչ չասող, մեր հարցերի բուն էությունից չբխող տաղտուկ պատասխան։

«Տեղեկացվում է, որ նշված գործընթացն իրականացվելու է ՀՀ եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այդ ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքներ»,- ասված է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի անունից ուղարկված գրավոր պատասխանում։

Այս ոչինչ չտվող պատասխանն ընդամենը մեկ բան է իր մեջ պարունակում, որ նշված գործընթացը դեռ պետք է իրականացվի, ոչ թե արդեն իրականացվում է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել, կյանքի չի կոչվել, հայտնի էլ չէ՝ ինչ աշխատանքներ են տանում այն կյանքի կոչելու, «եղբայրական ադրբեջանցիների» ազատ տեղաշարժը ՀՀ տարածքով ապահովելու ուղղությամբ։ 

Եվ այս երկու տողանոց պարզունակ պատասխանն ուղարկելու համար ՊԵԿ մաքսային հսկողության վարչությանն ուղիղ մեկ շաբաթ ժամանակ էր հարկավոր, որ մտածեին, չարչարվեին ու գլխի ընկնեին, որ «այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։ Մինչդեռ` ասելիքի բացակայության պարագայում կարող են գոնե նույն օրը` բանավոր ընթացակարգով ասել, որ պատասխան չունեն, իրենց վրա հույս չդնենք, ուրիշ տեղում փնտրենք մեր հարցի պատասխանը կամ առհասարակ չփնտրենք, որովհետեւ... վարչապետը մի բան էր` ասաց, ո՞վ է դրան լուրջ մոտենում, ձեզնից` լրագրողներից բացի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»