47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի 47-ամյա բնակչուհու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 07:35-ին, որով տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի հետնամասում գետնին ընկած կին կա՝ գլխի վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 47-ամյա կնոջ դին՝ մարմնական վնասվածքներով և գլխի հատվածում արնանման հետքերով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի նախնական եզրակացության համաձայն՝ մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակը մեխանիկական շնչահեղձությունն է:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք Երևանի՝ 1981, 1982, 1987 թթ. ծնված բնակիչներ են:

Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԻԴ