Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը, կապն անջատվելու է, պետք է կարողանան բնակչությանը անվտանգ տարհանել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հասարակական

Մինչև օգոստոսի 20-ը պետք է կարողանանք գյուղն ամբողջությամբ դատարկել, բոլորն էլ ցանկություն ունեն մնալու, բայց դա հնարավոր չէ, օգոստոսի 20-ի առավոտյան լույսն ու կապն անջատվելու է, հնարավոր է ջուր էլ չլինի, բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնած: Հիմա առաջնային հարց է բնակիչներին խաղաղ ձևով գյուղից տարհանելը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը:

Նրա խոսքով՝ Աղավնոյի բնակիչները տեղափոխվում են երեք ուղղությամբ՝ Արցախ, Սյունիք և Երևանի ծայրամասեր, տեղափոխման խնդիրների առջև են կանգնած, պետք է կարողանան այդ հարցերը կանոնակարգել․ «Հայրենիքը բոլորինս է, պետք է կարողանանք մարդկանց օգնել, այս պահին մարդուժի կարիք ունենք, որ բնակիչները կարողանան իրենց իրերը տեղափոխեն, ոչ թե ստիպված լինեն այրեն: Մարդիկ իրենց իրերը հանում են և չգիտեն ուր տանեն, Երևանում հարմար գնով տուն չեն կարողանում գտնել: Ամեն ինչ չենք կարող բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ մինչև 25-ը բոլորը պետք է հասցնեն տարածքից դուրս գան՝ բանվորներ և այլն, որ հետո այլ  խնդիրներ չառաջանան»:

Ինչպես արդեն նշել էինք, օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության մինչև օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Ավելի վաղ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Բերձորը և Աղավնոն հանձնելուն,ասել էր, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ հավանական է համարում, իսկ Աղավնո գյուղի հետ կապված բանակցությունները շարունակվում են, պետք է պայքար տանել:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ