Հայտնում եմ Սուրեն Պետրոսյանին իմ սատարումը. մաեստրո Զավեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Մաեստրո Զավեն Վարդանյան

«Հայրենասիրությունը առաքինի մարդու առաջին արժանիքն է»

Նապոլեոն

Սերն առ Հայրենիք չի կարող տարալուծվել հեղուկի մեջ, կամ ցնդել օդում։ Այն պարտադրանք ունի առարկայանալու իրական  գործի տեսքով և վերածվելու կայուն հիմքի՝ այդպիսով դնելով պետականաշինության հարատև աշխատասիրության սկիզբն ու շարունակությունը։

Եվ երբ որ սիստեմը համակարգային խաթարման է ենթարկվում ու չի իրականացնում իր վրա դրված պատասխանատվությունը, ապա առաջ է գալիս անձերի անհատական դրսևորման պահը։

Ահա այսպիսի իրավիճակում է, որ Սուրեն Պետրոսյանը՝ այս հրաշալի երիտասարդը, մեր ընտանիքի լավագույն բարեկամը, իր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ գնացել և կանգնել է այն որոշիչ խաչմերուկում, որտեղով անցնում է Հայաստանը Արցախի հետ կապող երակը։

Սուրենը հեռու է արկածախնդրությունից և էժան պոպուլիզմից, անպտուղ դեմագոգիայից։ Նա սթափ և կշռադատված մարդ է, ով իր տարիքի համար բավականին փորձ ունի և պատասխանատվության բարձր մակարդակ։

Սուրեն Պետրոսյան Աղավնո

Նկարում՝ Սուրեն Պետրոսյանը պատմում է Աղավնոյի դեպքերից

Սուրենի այս քայլը նպատակաուղղված է  անհամաձայնություն հայտնելու կռծոտվող հայկականության համատարած քաղաքականության դեմ, ցույց տալու, որ երկիրը պահում են եղածի համար կռիվ տալով, որ պարտքի զգացումը լոկ զգացողություն չէ, այլ հստակ դրսևորում։ Ինքը մարտահրավեր է նետել անտարբերության այն մթնոլորտին, որի ծածկույթի տակ հանձնվում է պետությունը և նրա առավելությունները։

Ես ողջունում է Սուրեն Պետրոսյանի՝ մեր օրերի ասպետի այս վարքագիծը, հայտնում իմ սատարումը և խնդրում եմ անտարբերությամբ չվերաբերվել նրա կատարածին։

Վաղվա Հայաստանը ուրվագծվում է այսօր։

Չմոռանանք, որ կայծից կարող է հրդեհ բռնկվել։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյան

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն ավելի քան մեկ շաբաթ իր մանկահասակ դուստրերի և կնոջ հետ մեկնել է Աղավնո՝ փորձելով խափանել այդ բնակավայրն ու Բերձորը Ադրբեջանին հանձնելու որոշումը։ 

Տեսանյութեր