ՀՀ-ն 4 մեդալ է նվաճել. ամփոփվեցին «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

12-2.jpg

Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:

ինչպես արդեն տեղեկացրել ենք Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևից մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս վարժությունում դարձել են բրոնզե մեդալակիր:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:

19 մարզաձևերում խաղարկվել է 273 մեդալային հավաքածու:

--00--ԶՀ