ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Բոլոր թանգարաններն էլ տարեկան գույքագրում իրականացնում են, որովհետեւ թանգարաններում ցուցանմուշներ են ավելանում, պակասում։ Այս մասին 24News-ին ասաց կրթության, գիտության, մշակույթին և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը՝ անդրադառնալով Yerevan.today կայքի՝ «Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է» վերտառությամբ հրապարակմանը։
Օգոստոսի 6-ին կայքը գրել էր, որ օրեր առաջ կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն:
«Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում, ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության», - նշել էր Yerevan.today-ը։
ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարի Գեղմ Մելիքբեկյանի խոսքերով՝ գաղտնիության մասին խոսակցությունները չափազանցված են. «Այդտեղ գաղտնի որեւէ բան չկա։ Նույնն է, ինչը որ ուսուցիչն ամեն օր մտնում է դասարան, դաս է տալիս»։
Ինչ վերաբերում է կրիչներով հրահանգն իջեցնելուն, ապա Մելիքբեկյանն ասաց, ու կառավարության որոշումներն կան, որոնք գաղտնի են լինում։ «Այդտեղ պետք չէ սեւ կատու ման գալ, սովորական աշխատանքային գործընթաց է», - եզրափակեց նա։
--00--ՏՏ