Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

հասարակական

Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և  վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը: 

Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից: 
Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման արգելք չի եղել, պարզապես  հանդիպման ժամանակ կրքերը թեժացան, բոլորը ասացին, որ տներն այրելու, ջարդելու են, Հայկ Խանումյանից հարց է հնչել, ինչի՞ համար եք այդպես վարվում, հույսներդ կտրել ե՞ք, որ վերադառնալու եք:

Նարեկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին ապամոնտաժվում են պատմական հուշարձանները, խաչքարերը, քանդակները և տեղափոխվում ապահով վայր, քանի որ պատերազմից հետո Շուշիում և Հադրութում ականատես եղանք վանդալիզմի դեպքերին: Ապամոնտաժումն արվում է, որ ականատես չլինենք ճանապարհին տեղադրված հուշակոթողների, արձանների պղծմանը: 

Անդրադառնալով բնակիչներին բնակարաններով փոխհատուցման որոշմանը՝ համայնքապետը նշեց, որ սերտիֆիկատների տրամադրման գործընթացն սկսված է, բայց այնպես չէ, որ այդ սերտիֆիկատով բնակիչները վաղը կարող են տուն գնել, բայց մինչև բնակարանները տրամադրվեն, կարող են Արցախ կամ ՀՀ, մասնավորապես՝ Սյունիքի մարզ տեղափոխվել. «Հուլիսից մեկնարկվել է ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվարկով 40 000 դրամների ծրագիրը, որն ուղղվելու է  բնակարանների վարձակալությանը: Գոնե այդ կերպ հնարավոր կլինի տուն վարձակալել, մինչև կարողանան տուն գնել»:

Հարցին, թե որքանո՞վ է փոխհատուցումը համարժեք, շատերը հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ փոխհատուցումը հնարավոր է ամբողջությամբ համարժեք չլինի, հողերի մասով որոշում չկա, բայց Բերձոր քաղաքը մեծ հողային ֆոնդեր չունի, հիմնականում տնամերձ հողատարածքներ են:
Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե Կառավարությունից չպարզաբանեցի՞ն ինչո՞ւ նոր ճանապարհը դեռևս կառուցված չէ, Ալեքսանյանը նշեց՝ այդ քննարկումները ոչինչ չէին փոխելու, ավելի մտահոգիչ է, թե կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս են ազատելու տարածքը. «Ավելի կարևոր է այնպես անել, որ բնակիչները չտուժեն: Մասնակի վերանորոգված ճանապարհ կա, որը Շուշիի շրջանի Հին Շեն Մեծ Շեն տարածքով Կոռնիձորով գնալու է Տեղ գյուղով միանա ճանապարհին»:

Հարցին, թե Բերձորը պահելու շանսեր չկա՞ն, համայնքապետը նշեց, որ այս պահին նման հնարավորություն չկա:

Հերմինե Միքայելյան

Տեսանյութեր