Մասնակի զորահավաքում ընդգրկված կոնկրետ զորամասերի կցագրված քաղաքացիներ են ստանում ծանուցումներ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

28962814_100_0_1062_541_600x0_80

Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները, լրացուցիչ պարզաբանում է ներկայացրել։

Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով՝
անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից:

Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը: Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ:

Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ:

--00--ԶՀ