Արմավիրի մարզպետը խորհրդակցության ժամանակ անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին և խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

f62ecf70eab5d3_62ecf70eab615 (1).jpeg

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ Կառավարությունը հավանության է արժանացրել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 41 սուբվենցիոն հայտ:

Սուբվենցիոն ծրագրերը ժամանակին և որակյալ իրականացնելու գործում կարևորելով համայնքների կողմից սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը և ներկայացնելով վերջին յոթ ամսվա կտրվածքով գրանցված ցուցանիշները՝ մարզպետը համայնքային իշխանության պատասխանատուներին հանձնարարել է խստացնել այդ ուղղությամբ տարվող վարչարարությունը:

Նա հույս է հայտնել, որ նպատակային և համագործակցված աշխատանքի արդյունքում տարեվերջին կբացառվեն կատարողականի ապահովմամբ պայմանավորված խնդիրները:

Անդրադառնալով համայնքային նշանակության տարաբնույթ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրանց լուծման հարցում կարևորել է համայնքապետարան-վարչական միավոր-բնակիչ կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը, որպեսզի բնակիչն իր խնդրի լուծման հարցում իրեն միայնակ չզգա՝ դիմելով ծայրահեղ քայլերի:

Նա միաժամանակ անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին և առկա խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ մթերող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են: Այնդուհանդերձ, մարզպետը ոլորտային պատասխանատուներին առաջարկել է հետևողական լինել և հնարավորության դեպքում աջակցել գյուղացիական տնտեսություններին:

Խորհրդակցությունն ամփոփվել է աշխատանքային և ընթացիկ մի շարք այլ հարցերի քննարկմամբ:

--00--ԶՀ

 

 

 

 

 

Տեսանյութեր