Բերձորի միջանցքի հարցը Հայաստանի իշխանության ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից է․ ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

ՀՀԿ գորրծադիր մարմինը հայտարարություն է տարածել

«Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: 

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:

Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:

Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:

Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:

Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։

«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ»:

--00—ԼՄ