Բացահայտվել է Մոլդովական փողոցում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված 59-ամյա Գագիկ Ս.-ն մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մոլդովական փողոցի բակերից մեկում երկու հարևան վիճել էին, ու վեճի ժամանակ նրանցից ավագը դանակահարել էր մյուսին:
Այդ երեկո մարմնական վնասվածքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու ահազանգ ստացվեց. առաջինն օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Մոլդովական փողոցում դանակահարություն է եղել, երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Օպերատիվ խմբերը և՛ Մոլդովական փողոց, և՛ բժշկական կենտրոն մեկնեցին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չէր ցուցմունք տալու:

Նոր Նորքի քրեական հետախույզները պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ իրականացրած միջոցառումներով արագ ճշտեցին, թե որ շենքի մոտ, ստույգ՝ որ հատվածում է կատարվել դեպքը: Արդյունավետ էին նաև ականատես վկաներ հայտնաբերելուն ուղղված միջոցառումները. օպերատիվ հարցումներով ստացված տեղեկությունները վկայում էին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր 72-ամյա հարևանը:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով՝ 72-ամյա տղամարդը նույն օրը ձերբակալվեց:

Տարածքի զննությամբ հայտնաբերվել են դանակ, արնանման հետքեր և այլն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ՏՏ