Սա վկայում է, որ Ադրբեջանը նպատակ չի ունեցել գնալ խաղաղության․ պատգամավորը գրություններ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը իրականացնում է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր։ Ունենք զոհեր և վիրավորներ։

Ադրբեջանի հանցավոր այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, ոտնահարում արցախահայերի կյանքի իրավունքի երաշխիքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարի ռեժիմը և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ընդ որում՝ ադրբեջանական պետության՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու պահանջը ևս չի բխում հայտարարությունից, քանի որ կա ժամկետի՝ 3 տարի, նոր ճանապարհի կառուցման, պլանի փոխադարձ համաձայնեցման, ճանապարհն ավարտելու պայմանավորվածություն։

Սա վկայում է, որ Ադրբեջանը երբևէ նպատակ չի ունեցել և չի պատրաստվում գնալ խաղաղության, և այս պետության կողմից հայատյացությունը շարունակում է մնալ կանոնակարգված քաղաքականություն, իսկ մեր իշխանության կողմից, փոխարենը ստանձնելու Արցախի անվտանգության երաշխավորի դերը, թմբկահարվում է խախաղաղության կեզծ թեզեր, արդյունքը՝ յուրաքանչյուր անգամ, երբ Ադրբեջանի որևէ պահանջ չի բավարարվում, վերջինս դիմում է ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին՝ այս միջոցով պարտադրելով ցավոտ զիջումներ։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, իսկ ուշացած արձագանքը անդառնալի հետևանքներ թողնում և մարդկային կյանքեր արժենում, ուստի կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներիս, հակամարտության լուծմանը ներգրավված դերակատարներին հանդես գալ համարժեք գնահատականով և զսպել ադրբեջանական ագրեսիան։

Համապատասխան գրությունները իմ կողմից ուղարկվում են միջազգային կառույցներին։

Խաղաղություն բոլորիս»։

--00—ԼՄ