Տնտեսական 11% աճն այն չէ, որ հանրությունը դրական ազդեցություն զգա. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

տնտեսական

Տնտեսությունն այս տարվա առաջին 6 ամիսներին ավելի ակտիվ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Քերոբյանը երկուշաբթի ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ «Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ», - նշել էր էկոնոմիկայի նախարարը։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքերով՝ աճի ցուցանիշի վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ նախորդ ժամանակահատվածում ավելի փոքր էր տնտեսության ծավալը։ «Բացի այդ, մենք այսօր ունենք զգալի թվով այցելուների ներհոսք Հայաստան, որոնք մեր ծառայություններից օգտվում են։ Եվ, ըստ էության, այն ծառայությունը, ինչ այցելուներին մատուցվում է, արտահանումն է։ Եվ դրա շնորհիվ է, որ կարողանում ենք, օրինակ, հյուրանոցային բիզնեսում ծառայությունների տարբեր սեգմենտներում բարձր աճ ապահովել»։ 

Ըստ Քթոյանի՝ արդյունաբերության ոլորտում աճը վերականգնողական է։ «Հետպատերազմական, հետհամավարակային վերականգնում է տեղի ունենում։ Եվ դրանով էլ հենց այդ թվերն են պայմանավորված, այսինքն՝ խոսքը մշակվող արդյունաբերության մասին է», - հավելեց ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ։

հարցին, արդյո՞ք սա դրական ազդեցություն ունի քաղաքացիների կյանքի բարելավման վրա՝ հաշվի առնելով ապրանքների շարունակվող գնաճը, Արմեն Քթոյանը պատասխանեց. «Եթե հիպոթետիկ մտածենք եկամտի 10%-ով ավելացման մասին, ապա շոշափելի ազդեցություն կզգա՞նք մեր կենսամակարդակի վրա, մի քիչ բարդ է ասելը։ Եվ քաղաքացիներն իրենց կյանքի վրա կարող են զգալ այն դեպքում, երբ որ տնտեսությունը կայուն, տևական աճի փուլի մեջ մտնի։ Եվ տարեցտարի այսպես կուտակվելով՝ զգալի ազդեցություն կլինի»։

Քթոյանը նշեց, որ բնականաբար գնաճն իր դերակատարումն ունի։ «Բայց երբ որ խոսում ենք 11% տնտեսական աճի մասին, պետք է նկատի ունենանք, որ դա իրական արտահայտմամբ է, այսինքն՝ դրանում արդեն գնաճի գործոնը հաշվի է առնված։ Այսինքն՝ գնաճից դուրս է 11%։ Բայց եթե դա համեմատենք նախորդ ամիսների կամ նախորդ տարիների հետ, զուտ ֆորմալ առումով վատ աճ չէ, բայց մյուս կողմից էլ նույնիսկ 11% երկնիշ աճն այն աճը չէ, որ հանրությունը դրական ազդեցություն կզգա։ Հատկապես երբ որ վերջին տարիներին մարդիկ լուրջ, ամենատարբեր բնույթի շոկերի են ենթարկվում, այդ թվում նաև ֆինանսատնտեսական», - եզրափակեց փորձագետը։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ