Նիկոլ Փաշինյանը չունի զիջումների գնալու մանդատ, դա չէ խաղաղության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

նկար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԽ քարտուղարը առաջին, ցավոք, նաև վերջին անգամ չէ, որ իր հայտարարությամբ օգնում է ադրբեջանական քարոզչամեքենային: Այսպես, նրա վերջին հայտարարությունը Արցախից զորքերի դուրսբերման հետ կապված, առիթ է տվել Բաքվի հասարակական քաղաքական շրջանակներին էլ ավելի ամրապնդրել թեզն առ այն, որ ՀՀ–ն զորքեր ունի Արցախում, մինչդեռ անգամ միջազգային զեկույցներն են հակառակը պնդում:

Ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ հասարակական–վերլուծական շրջանակները, ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարության հետևանքով նշում են, որ դա «լիազորում է Ադրբեջանին գործողությունների գնալ Լեռնային Ղարաբաղում»:

Դրան զուգահեռ Ադրբեջանը տեղեկատվական արշավ է սկսել ՀՀ–ի դեմ, որը որևէ կերպ չի չեզոքացվում: Շարունակ տարածվում են անհեթեթ տեսանյութեր (օրինակ՝ Ծիծեռնակաբերդի տեսանյութը), որով պետք է արագորեն զբաղվի ԱԱԾ–ն, քանի որ այդ մարդուն հայտնաբերելը այնքան դյուրին է: Փոխարենը՝ նա այսօր օդանավակայանից էր արդեն տեսանյութ գցում: Սա ցույց է տալիս, թե որքան անպաշտպան է մեր հանրությունը այսպիսի քարոզչական գործողությունների հանդեպ: Ադրբեջանը հստակ կիրառում է ուժի սպառնալիքի մեթոդը, դա արվում է և՛ երկրի առաջին դեմքի մակարդակով, և՛ տեղեկատվական տիրույթում: Ի պատասխան՝ իշխանական շրջանակները, նրանց հարող անձինք շրջանառում են «ցավոտ զիջումների գնալու թեզը»՝ որպես խաղաղության երաշխիք:

Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունեն այդ մարդիկ՝ Արցախի՞ց հրաժարում, Սյունիքի՞ց հրաժարում, թե՞ միգուցե պետականությունից հրաժարում: Փոխարենը գրեթե չի խոսվում, թե ինչպես է ՔՊ–ն հրաժարվել իր նախընտրական ծրագրից, ինչպես ոչինչ չի արվել անվտանգային ոլորտում անցած երկու տարիների ընթացքում, ինչպես են երկրի վարչապետից սկսած պատգամավորներով վերջացրած իրենց սխալ հայտարություններով ջուր լցրել Ադրբեջանի քարոզչական ջաղացին:

Ուշագրավն էլ այն է, որ երբ հայտարարում են, թե հիմա շատ բարդ վիճակ է, դա բնավ չի խանգարում ստանալ պարգևավճարներ, չի խանգարում անօգուտ և անբովանդակ ուղևորություններ անել՝ որևէ արդյունք չբերելով:

Պետական շահը սպասարկող իշխանության պարագայում, երբ մարդկանց ներկայացվում է իրավիճակի բարդությունը, խոսվում է լուծման ուղիների մասին, խոսվում է անվտանգության ուժեղացման և այդ հարցում շարքային քաղաքացու դերի մասին, ոչ թե առավոտից երեկո պարտվողականության և «ցավոտ զիջումների» քարոզով ահաբեկում են մարդկանց: Քիչ է, որ Ադրբեջանը սպառնում է մեզ պատերազմով, մի հատ էլ ՀՀ իշխանություններն են իրենց պարտքը համարում «անկեղծության» քողի ներքո սպառնալ պատերազմով, եթե չթողենք գնան զիջումների:

Նիկոլ Փաշինյանը չունի զիջումների գնալու մանդատ, դա չէ խաղաղության օրակարգը, վերհիշելու համար՝ կարող է բացել և իրենց իսկ նախընտրական ծրագիրն ընթերցել, միգուցե հասկանա, թե ինչպիսի խաղաղություն են խոստացել մարդկանց: Իսկ Ադրբեջանի ռազմատենչության և տարածքային հավակնությունների մասին որևէ լուր նորություն չէ, դրան դիմակայելու և խաղաղություն ապահովելու մի հստակ մեթոդ կա՝ այնպիսի բանակ և անվտանգային համակարգ ձևավորել, որ միշտ գերադասեն քեզ հետ բանակցել, քան քեզ վրա հարձակվել:

Իսկ թույլ ու անպաշտպան պետության մասին քարոզը ևս հեռու է իրատեսությունից, թող ուսումնասիրեն համաշխարհային պատմությունն ու տեսնեն, թե ինչպես են այսպես կոչված «թույլերը» պահում իրենց երկիրը՝ խելքով, կամքով և համառությամբ, մեր պատմությունը բարեբախտաբար ևս հարուստ է նման դրվագներով: Բավական է պարտվողականության քարոզը ներկայացնել իրատեսության քողի ներքո: Իրատեսությունը մի բան է թելադրում՝ պատրաստ լինել պաշտպանվել, դիմակայել՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական և թե՛ տեղեկատվական ճակատներով: Եթե Ադրբեջանը իմանա, որ հայ ժողովուրդը պատրաստ է կռվել մինչև վերջ, երբեք չի հարձակվի մեր պետության վրա:

Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մի՛ հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:

--00—ԼՄ