Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում այցելել է ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

կկ

Սյունիք կատարած այցի 2-րդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մեղրի, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, նրանք այցելել են ՀՀ կադաստրում գրանցված ամենահին տունը։

Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի գրանցման ամսաթիվը 1820 թվականն է, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: «Խաչաց տանը» վարչապետի տիկնոջը ողջունել են նաև Մեղրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:

«Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ը 2020 թվականի մարտին և ապրիլին, երբ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ծառայել է որպես հյուրատուն՝ դառնալով Մեղրիի ամենահին հյուրատունը: «Խաչաց տանը» 10-ամյակների պատմություն ունեցող 100-ից ավելի ցուցանմուշներ կան։

«Խաչաց տան» հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա այս կառույցը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին: Շահանե Խաչիկյանը՝ «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրենը, Աննա Հակոբյանին է ներկայացրել հյուրատանը ցուցադրված գեղանկարչական աշխատանքները, պատմել է, որ այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը:

Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: «Խաչաց Տուն Հերիթեջ Հոթել»-ի հիմնադիր տնօրեն Շահանե Խաչիկյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է եկեղեցու վերակառուցման պատմությունը: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի բացառիկ որմնանկարներ, որոնք վնասվել են 1700 թվականին ու Խաչիկյանների ջանքերով վերականգնվել 1866-ին:

Խաչիկյան ընտանիքի և Մեղրու այլ բնակիչների շնորհիվ եկեղեցին այսօր գործում է, այնտեղ նաև պսակադրության արարողություններ են իրականացվում:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ էր հատկացրել 2019 թվականին։

--00—ԻԴ