Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի հայտարարություն է տարածել։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ որոշել է վայր դնել մանդատը:

--00—ԼՄ