Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Ծրագրերից մեկը վերաբերում է ջրամբարաշինությանը Կապսի ջրամբարին: 

«Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին», - ասել է Փաշինյանը:

Կապսի  ջրամբարի կառուցման առումով  վարչապետը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել,  քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - ասել է կառավարության ղեկավարը:   

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ  հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի  զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը:

Վարչապետը նշել է նաև, որ  հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված:

«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,-ասել է կառավարության ղեկավարը:

--00—ԼՄ