Վարորդական վկայական ստանալու համար պաշտոնատյային կաշառք տալու պատրվակով գումար են հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ա.-ն վարորդական վկայականեր ձեռք բերելու համար Ա. Ա.-ի դրդմամբ փորձել  է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չի հասցրել:

Մասնավորապես, Ա. Ա.-ն, հանդիպելով իր ծանոթ Ս. Ա.-ին, վերջինիս խաբեությամբ վստահեցրել է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկի միջոցով, 150.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու կարող է կազմակերպել վարորդական վկայական ձեռք բերելու գործընթաց։ Ս. Ա.-ն, ընդունելով առաջարկը, իր ծանոթի որդու համար վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին Ա. Ա.-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար։

Այնուհետև, Ա. Ա.-ն Ս. Ա.-ին վստահեցրել է, որ նրա ներկայացրած անձին վարորդական վկայական տրամադրելու համար անհրաժեշտ է ոստիկանության պաշտոնատար անձի միջոցով, 120.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց ևս մեկ անձի կողմից վարորդական վկայական ստանալու գործընթաց կազմակերպել: Այդ կերպ Ա. Ա.-ն համոզելու եղանակով դրդել է Ս. Ա.-ին կրկին կաշառք տալ պաշտոնատար անձին: Ս. Ա.-ն, այս անգամ իր եղբոր որդու համար առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու վարորդական վկայական ձեռք բերելու համար, 2022 թվականի մարտին 120.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Ա.-ին` ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար:

Ստանալով վերը նշված գումարները` Ա. Ա.-ն, նախապես գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով որևէ մեկին կաշառք տալու կամ դրա դիմաց վարորդական վկայական ստանալու նպատակ, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով Ս. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործություններն ավարտին հասցնել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

--00—ԼՄ