Քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆՀՈԻԼԻՍԻ 624News

․

«Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը։

Պանելային քննարկման ընթացքում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով այս պահին աշխատանքներ են տարվում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Սևանա լճի ափին՝ 1901 մ նիշից ներքև շենք-շինությունների ապամոնտաժման հարցին՝ նշելով, որ այս պահին առկա է 1697 շինություն, որոնք պետք է ապամոնտաժվեն: 2750 հա տարածք ենթակա է բուսածածկույթից մաքրման: Ներկայումս մաքրվել է մոտ 2250 հա տարածք:

Արամ Մեյմարյանն անդրադարձել է նաև արդյունագործական ձկնորսության իրականացման ընթացքին՝ փաստելով, որ որսը կարգավորող օրենսդրական բարեփոխումներն ունեցել են իրենց դրական ազդեցությունը, սակայն դրանք ենթակա են վերանայման և լավարկման։

Նախարարի տեղակալը քննարկմանը խոսել է Կառավարության՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված միջոցառումներից՝ անդրադառնալով Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարի վերականգնման և այդ ճանապարհով խախտված էկոհամակարգի վերականգնմանն ուղղված մանրաձկան բացթողման գործընթացին։

«Շաբաթներ առաջ Սևանա լիճ բաց թողնվեց մոտ 16 հազար ամառային իշխանի մանրաձուկ՝ 5,8 միջին գրամ քաշով, և 163 հազար գեղարքունի իշխանի մանրաձուկ՝ մոտ 1 գրամ քաշով: 163 հազարն, ի դեպ, պլանից դուրս բացթողում էր: Մենք փորձում ենք ստեղծել այն նախադրյալները, որոնք մեզ թույլ կտան Սևանա լճի կայուն զարգացումն ապահովել և մեր տեսլականին հասնել»,- նշել է նախարարի տեղակալը։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշել է, որ ՊՈԱԿ-ի աշխատանքները կենտրոնացված են Սևանա լճի վերաբերյալ պետական նշանակության տվյալների ստեղծման և կառավարման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, գնահատման, դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրության և կանխատեսման վրա: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ տվյալները արդյունավետ կառավարելու նպատակով՝ այդ թվում համագործակցելով միջազգային գիտահետազոտական ինստիտուտների հետ:

Պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Սևանա լճի ջրի որակի խնդիրներին և մաքրման կայանների ու այլ միջոցառումների շնորհիվ լիճ կեղտաջրերի ներհոսքի կրճատման միջոցառումներին։

--00--ԱՀ